Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը սեռական բռնության դեպքերին միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային խմբի առաջին քննարկմանը
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավարի հրավերով 2020 թվականի մարտի 10-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը մասնակցել են սեռական բռնության դեպքերին միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային խմբի առաջին քննարկմանը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացուցիչներ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ ազգային ժողովից, ԱՄՆ դեսպանատնից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ դատախազությունից և այլ կազմակերպություններից ։
Աշխատանքային խմբի ստեղծման նպատակն է վեր հանել սեռական բռնության հիմնախնդիրներին առնչվող սոցիալական աջակցության, քրեական գործերի քննության ընթացակարգային հարցերը և գտնել դրանց համակողմանի լուծումները, որոնք ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը:
Աշխատաժողովի ընթացքում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացերը, ինչպես նաև 2016-2020 թվականների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և դրանց արդյունավետ լուծման ուղղությունները:
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ.Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ տասնամյա գործունեության համար՝ կարևորելով նրանց ունեցած բազմամյա փորձն աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը նշել է, որ 2020 թվականից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։
Քննարկման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը, կարևորելով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի»-ի կողմից սեռական բռնության վերաբերյալ իրավական կարգավորումներ և օրենսդրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը, ընդգծել է սեռական բռնության կամ դրանց առերևույթ դեպքերում դատաբժշկական փորձաքննության ժամանակին և պատշաճ իրականացման կարևորությունը, ինչպես նաև կազմակերպչական, ընթացակարգային և այլ հարցերում միասնական մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:
Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը խիստ արդիական և ողջունելի համարելով բռնության ենթարկված անձանց՝ հատկապես անչափահասների պաշտպանության հիմնախնդիրը, շեշտադրել է նրանց հետ տարվող աշխատանքների ընթացքում համապատասխան մասնագետների (ոստիկաններ, քննիչներ, փորձագետներ) մասնագիտական պատրաստվածությունը ոչ միայն իրենց գործառույթների ոլորտներում, այլև բռնության ենթարկված անձանց հոգեբանական առանձնահատկությունների իմացության և դրանց շրջանակներում էթիկապես գրագետ և գործուն աշխատելաոճ ստեղծելու կարողության շրջանակներում՝ ներկայացնելով, որ դա կարող է ստեղծել լայն հարթակ ոչ միայն բռնության ենթարկված անձանց հետ իրականացվող աշխատանքների շրջանակներում «ինչ անել» հարցի պատասխաններ ունենալու, այլև այդ աշխատանքներն «ինչպես» իրականացնելու բոլոր հնարավոր տարբերակների ու մոտեցումների մշակման առումով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ձևավորված աշխատանքային խմբի հետագա քննարկումներին մասնակցելու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ ի նպաստ ստեղծված խնդիրների լուծմանը մեր երկրում:
28 Դեկտեմբեր 2016